Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 22

:
Armenian - NEA
1 Երեք տարի պատերազմ չեղավ Ասորիքի ու Իսրայելի միջև։
2 Երրորդ տարում Հուդայի արքա Հովսափատը եկավ Իսրայելի արքայի մոտ։
3 Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։
4 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։
5 Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։
6 Իսրայելի արքան հավաքեց բոլոր մարգարեներին, մոտավորապես չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա պատերազմի գնա՞մ, թե՞ մնամ տեղում»։ Նրանք ասացին. «Գնա՛, Տերն այն անպայման արքայի ձեռքն է հանձնելու»։
7 Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Այստեղ արդյոք Տիրոջ մարգարե կա՞, թե՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։
8 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։
9 Իսրայելի արքան, մի ներքինի կանչելով, ասաց. «Անմիջապես այստե՛ղ բեր Հեմլեի որդի Միքիային»։
10 Իսրայելի արքան և Հուդայի երկրի արքա Հովսափատը զինավառ նստել էին ամեն մեկն իր աթոռին, Սամարիայի դարպասների մոտ, և բոլոր մարգարեները մարգարեություն էին անում նրանց առջև։
11 Քենաանայի որդի Սեդեկիան, որը երկաթե եղջյուրներ էր սարքել տվել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցո՛վ ես հարվածելու ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։
12 Բոլոր մարգարեները նույնպես մարգարեանում էին՝ ասելով. «Գնա՛ Գաղաադի Ռամաթ քաղաքը և հաջողություն կունենաս. Տերը քո ձեռքը կհանձնի ասորիների արքային»։
13 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահավասիկ բոլոր մարգարեները միաբերան բարի բան են գուշակում արքայի համար։ Արդ, քո խոսքն էլ թող նրանց ասածին համահունչ լինի, դո՛ւ էլ բարի բան գուշակիր»։
14 Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Տերն ինձ ասի, ա՛յն կհաղորդեմ»։
15 Նա եկավ արքայի մոտ, և արքան հարցրեց նրան. «Միքիա՛, Գաղաադի Ռամաթ քաղաքի դեմ պատերազմելու գնա՞մ, թե՞ տեղում մնամ»։ Միքիան ասաց. «Գնա՛, արքա՛, և հաջողություն կգտնես, և Տերը քաղաքը քո ձեռքը կհանձնի»։
16 Արքան ասաց նրան. «Քեզ կրկին եմ երդվեցնում, որ ինձ ճշմարտությունն ասես հանուն Տիրոջ»։
17 Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։
18 Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես քեզ չասացի՞, թե նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ միայն չար բան»։
19 Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
20 Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։
21 Եվ ահա մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերը նրան ասաց. “Ի՞նչ միջոցով”։
22 Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
23 Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։
24 Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։
25 Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կվազես թաքնվելու համար»։
26 Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային և հանձնելով Ամովն քաղաքապետին ու արքայորդի Հովասին՝
27 ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։
28 Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։
29 Իսրայելի արքան Հուդայի արքա Հովսափատի հետ շարժվեց դեպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։
30 Իսրայելի արքան ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ես կկերպարանափոխվեմ և այդպես կմտնեմ պատերազմ, իսկ դու հագի՛ր իմ հագուստները»։ Իսրայելի արքան կերպարանափոխվեց և մտավ պատերազմի մեջ։
31 Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
32 Երբ մարտակառքերի պետերը տեսան Հուդայի արքա Հովսափատին, ասացին միմյանց. «Թվում է, թե սա է Իսրայելի թագավորը»։ Նրանք մոտեցան, որ կռվեն նրա դեմ, բայց Հովսափատն աղաղակեց։
33 Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա չէ Իսրայելի արքան, հետ դարձան։
34 Մեկն ուժգին ձգեց իր աղեղը և ճեղքելով Իսրայելի արքայի զրահը՝ խոցեց նրա թոքը։ Նա ասաց իր մարտակառքի պետին՝ «Շո՛ւռ արի, ինձ հանի՛ր ռազմադաշտից, քանզի վիրավոր եմ»։
35 Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և արքան այգաբացից մինչև երեկո մնաց իր մարտակառքում, ասորիների դեմ։ Արյունը հոսում էր վերքից ու լցվում մարտակառքի մեջ։ Երբ երեկո եղավ, նա մեռավ։
36 Արեգակի մայր մտնելու ժամանակ մունետիկը հայտնեց զորքին. «Ամեն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնա,
37 որովհետև արքան մեռել է»։ Արքային բերեցին Սամարիա և Սամարիայում էլ թաղեցին։
38 Սամարիայի ջրավազաններում լվացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արյունը, իսկ բոզերը լողացան նրա արյան մեջ, ինչպես կանխատեսել էր Տերը։
39 Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
40 Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։
41 Իսրայելի թագավոր Աքաաբի թագավորության չորրորդ տարում թագավորեց Հովսափատը։
42 Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ու քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։
43 Նա իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորվեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։
44 Նա պաշտամունքի բարձունքները չվերացրեց, որովհետև ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ ծխում մեհյաններում։
45 Հովսափատը խաղաղության դաշինքի մեջ էր Իսրայելի արքայի հետ։
46 Հովսափատի մնացած գործերը, կատարած քաջագործություններն ու պատերազմները նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
47 Նա երկրից մաքրեց սոդոմական մեղք գործողներին, որոնք մնացել էին իր հոր օրերից։
48 Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։
49 Հովսափատ արքան Թարսիս հասնելու կարող նավեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նավերը տեղ չկարողացան հասնել, որովհետև Ասիոնգաբերում նավաբեկության ենթարկվեցին։
50 Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։
51 Հովսափատը գնաց իր նախնիների մոտ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Հովրամը։
52 Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնյոթերորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։
53 Նա չար գործեր արեց Տիրոջ առջև, գնաց իր հայր Աքաաբի ու իր մայր Հեզաբելի, Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամի մեղսալից ճանապարհով։
54 Նա ծառայեց Բահաղի կուռքերին, երկրպագեց նրանց և դրանով իսկ բարկացրեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ ըստ ամենայնի կրկնելով իր նախորդների կատարածը։